Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատուն

/

Հայաստանում Ռուսաստանի Դեսպան Ս.Պ.Կոպիրկինի ողջույնի խոսքը հունիսի 12-ին Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը



Հարգելի՛ պարոն փոխվարչապետ,

Հարգելի՛ դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցիչներ,

Հարգելի՛ վետերաններ և հայրենակիցներ,

Տիկնայք և պարոնայք, հարգելի՛ ընկերներ,

Սրտանց ողջունում եմ բոլորիդ և իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր երկրի պետական տոնին՝ Ռուսաստանի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելությանը մասնակից լինելու համար:

Հունիսի 12-ին մենք նշում ենք Ռուսաստանի Դաշնության Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրը: Այս ամսաթիվը դարձել է մեր մեծ երկրի շարունակական հազարամյա պատմության նոր փուլի խորհրդանիշը։

Ռուսական պետականության և մեր քաղաքակրթական ինքնության հիմքում ընկած են ավանդական արժեքները, որոնք դարերի ընթացքում ձևավորել են մեր նախնիները։ Նման բարոյական ուղեցույցների թվում են Ռուսաստանի ժողովուրդների անխախտ միասնությունը, ճշմարտության և արդարության նկատմամբ հավատարմությունը, ողորմածությունն ու մարդասիրությունը, ամուր ընտանիքը և երեխաների հանդեպ սերը, փոխօգնությունը և ձգտումը՝ հասնելու ոչ միայն անձնական բարեկեցությանը, այլև Հայրենիքի հաջողությանը: Եվ, իհարկե, դրանցից են հայրենասիրությունն ու հավատարմությունը Հայրենիքին։

Հենց այս արժեքներն են ոգեշնչել մեր նախնիների սերունդներին մեծ նվաճումների և հաղթանակների: Այս հիմքերի կարևորությունն առավել ակներև է դառնում ժամանակակից աշխարհում մարդկանց գիտակցության վրա ազդեցություն ունենալու համար ընթացող ագրեսիվ պայքարի և նեոլիբերալ՝ ըստ էության, տոտալիտար գաղափարների թելադրման ֆոնին։ Այս մարտավարության նպատակները չափազանց պարզ են. իր արժեքային հենարանից զուրկ ժողովրդին ավելի հեշտ է զրկել ինքնիշխանությունից և ենթարկել։ Ռուսաստանում դա իրագործել չստացվեց։

Մեր երկիրը հաստատել է իր դերը որպես անկախ և պատասխանատու մասնակից գլոբալ գործընթացներում։ Մենք ակտիվորեն առաջ ենք մղում բազմաբևեռության, միջազգային հարաբերությունների բոլոր մասնակիցների իրավահավասար երկխոսության, միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման գաղափարները, տարբեր քաղաքակրթությունների ավանդույթների ու արժեքների նկատմամբ հարգալից վերաբերմունքը: Մենք համոզված ենք, որ գլոբալ կայունությունը հնարավոր է ապահովել միայն փոխադարձ հարգանքի, բոլոր կողմերի շահերը հաշվի առնելու, թելադրանքից և օտար մոդելներ պարտադրելուց հրաժարվելու հիման վրա:

Այսօր աշխարհը ապրում է խորքային, իսկապես տեկտոնական վերափոխումներ: Աշխարհակառուցվածքի նախկին համակարգը անդառնալիորեն հեռանում է անցյալ: Մենք ականատես ենք, թե ինչպես ավելի ու ավելի շատ պետություններ ձգտում են ամրապնդել իրենց ինքնիշխանությունը, պաշտպանել ազգային շահերը, պահպանել մշակութային և քաղաքակրթական ինքնությունը: Այս գործընթացներն օրինաչափ են, քանի որ արտացոլում են ժամանակակից աշխարհի իրական բազմազանությունը և ժողովուրդների ձգտումը միջազգային հարաբերությունների ավելի արդար, իրավահավասար և կայուն համակարգի կառուցմանը:

Արմատական փոփոխություններ են տեղի ունենում նաև Եվրասիական տարածքում՝ դրսևորվելով նոր ձևաչափի միավորումների դինամիկ զարգացմամբ, որոնք հիմնված են իրավահավասարության և մշակույթի կոնսենսուսի, այլ ոչ թե պարտադրված կարգապահության վրա։ Դրանց թվում են ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն, ՇՀԿ-ն, ՀԱՊԿ-ը և ԲՐԻԿՍ-ը։ Այս ձևաչափերն ապացուցել են իրենց կայունությունը, արդյունավետությունը և նոր մարտահրավերներին հարմարվելու կարողությունը։

Այս տարի մենք նշում ենք նախկին ԽՍՀՄ ժողովուրդների համար սրբազան պատմական իրադարձության՝ Հայրենական մեծ պատերազմում գերմանական նացիզմի դեմ տարած Հաղթանակի 80-ամյակը: Մեր պապերի ու նախապապերի անմար սխրանքը, ովքեր հերոսաբար մարտնչել են նացիստական դաժան թշնամու դեմ հանուն ապագա սերունդների ազատության ու կյանքի, հավերժ կմնա մեր ընդհանուր հիշողության մեջ։ Հիշում ենք հայ ժողովրդի ավանդը Մեծ հաղթանակում։ Գնահատում ենք հայկական ղեկավարության և վետերանների մասնակցությունը Մոսկվայում կայացած հոբելյանական հանդիսավոր միջոցառումներին:

ԱՊՀ պետությունների ղեկավարների որոշմամբ 2025 թվականը հռչակվել է խաղաղության և նացիզմի դեմ պայքարում միասնության Տարի: Սա ոչ թե ֆորմալ որոշում է, այլ նաև հիշեցում այն մասին, որ անհրաժեշտ է հաստատակամորեն պաշտպանել ճշմարտությունը ԽՍՀՄ ժողովուրդների վճռորոշ դերի մասին՝ գերմանական նացիզմի պարտության գործում, ինչպես նաև մշտապես պայքարել պատմության կեղծման փորձերի դեմ։ Հերոսական նախապապերը մեզ կտակել են պատերազմի տարիներին կոփած մի բանաձև, որն արդիական է նաև հիմա. «Մեր գործն արդար է։ Թշնամին կջախջախվի։ Հաղթանակը մերը կլինի»:

Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները հասուն ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների օրինակ են՝ հիմնված մեր ժողովուրդների պատմական մտերմության և դարավոր կապերի, ինչպես նաև միջպետական բազմակողմ փոխգործակցության վրա: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում երկկողմ շփումների կայուն դինամիկան ինքնին խոսուն է։

Ռուսաստանն պահպանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերոջ և ներդրողի դերը։ Ռուս տնտեսական օպերատորները պետական բյուջեի առանցքային հարկատուներն են, բարեխիղճ գործատուներն ու բարերարները: Հատկապես կարևոր է, որ փոխադարձ առևտրի 96%-ն իրականացվում է ազգային արժույթներով։ Մեր առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկայում վճռորոշ ներդրում է ունենում ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունը։

Ավանդաբար մեր երկրները հատուկ ուշադրություն են դարձնում մշակութային-հումանիտար փոխգործակցության, կրթական և գիտական համագործակցության զարգացմանը։ Այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում կկազմակերպվեն «Հայաստանի մշակույթի օրեր»:

Մեր գնահատականներն ու արտաքին քաղաքականության մոտեցումները միշտ չէ, որ համընկնում են։ Սակայն մենք վստահ ենք, որ բաց և ազնիվ երկխոսությունը գործընկերության հասունության վկայությունն է, կայուն և փոխշահավետ համագործակցության գրավականը:

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ապահովմանը։ Այս տարի նշում ենք Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը ու Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման 10-ամյակը: Ռուս սահմանապահները հայ գործընկերների հետ համատեղ պատվով են կատարում Հանրապետության սահմանի հայ-թուրքական և հայ-իրանական հատվածների պահպանության իրենց վրա դրված խնդիրները:

Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն առաջ մղելու համար: Ողջունում ենք խաղաղության պայմագրի նախագծի համաձայնեցման ավարտը և առաջարկում ենք դրա ստորագրման արարողությունը կազմակերպել ռուսական հարթակում։ Պատրաստ ենք նպաստել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և մնացած հումանիտար խնդիրների լուծմանը։

Մեծ ներուժ ենք տեսնում «3+3» ձևաչափի՝ տարածաշրջանային համագործակցության հարթակի զարգացման մեջ, որն ընդգրկում է Հարավային Կովկասի երկրները և նրանց հարևաններին՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային։ Այս հարթակը հիմք է դնում փոխադարձ վստահության հաստատման և պահանջված գործնական լուծումների մշակման համար։

Աշխարհաքաղաքականությունը, աշխարհագրությունը և պատմությունը կանխորոշել են Եվրասիական մայրցամաքի բոլոր երկրների միջև «կամուրջներ կառուցելու», ինչպես նաև մայրցամաքում ստեղծված ինտեգրացիոն միավորումների և բազմակողմ կառույցների զուգակցման անհրաժեշտությունը: Ռուսաստանի Նախագահ Վ.Վ. Պուտինն առաջարկել է այդ իրողությունները մարմնավորել Մեծ Եվրասիական գործընկերության տեսքով, որը կդառնա հավասար և անբաժանելի անվտանգության նոր Եվրասիական ճարտարապետության հիմքը: Ընդ որում, Ռուսաստանի առաջնորդը բազմիցս ընդգծել է. խոսքը ոչ թե ինչ-որ փակ կառույցի ստեղծման, ոչ թե աշխարհաքաղաքական դիմակայության մասին է, այլ բաց, ճկուն ու ներառական գործընթացի մասին, որը հիմնված է իրական կարիքների, բիզնեսի, քաղաքացիների և պետությունների պահանջների վրա: Մեր ընդհանուր խնդիրն է բաց չթողնել այն եզակի հնարավորությունները, որոնք ընձեռում է համագործակցությունը եվրասիական տիրույթի շրջանակներում։

Պատրաստ ենք աջակցել հայ բարեկամներին այս գործընթացներին միանալու հարցում։ Միևնույն ժամանակ, հարգում ենք գործընկերների ՝ բոլոր ուղղություններով միջազգային կապերն ընդլայնելու ինքնիշխան ձգտումը և պատրաստ ենք դրան ամեն կերպ աջակցություն ցուցաբերել։ Միաժամանակ, ելնում ենք նրանից, որ հայկական կողմը չի դիմի մեր բազմապլանային համագործակցությանը վնասող և մեր եղբայրական ժողովուրդների ու պետությունների դարավոր կապերը խաթարող քայլերի։

Սիրելի՛ ընկերներ,

Ռուսաստանի օրը տոն է ոչ միայն ռուսաստանցիների, այլև բոլոր նրանց համար, ովքեր հոգևոր կապ են զգում մեր երկրի հետ, ովքեր հարգում են նրա պատմությունը, ովքեր հետաքրքրված են նրա հետ համագործակցության զարգացմամբ և ռուս ժողովրդի հետ բարեկամությամբ: Մաղթում եմ բոլորին առողջություն, խաղաղություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ:

Շնորհավորում եմ բոլորիդ: Շնորհավոր Ռուսաստանի օրը: